շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արդեն 10 տնտեսվարող արտահանում իրականացնում է. ՍԱՏՄ–ն` ծաղկի շուկայի խնդիրների մասին

Արդեն 10 տնտեսվարող արտահանում իրականացնում է. ՍԱՏՄ–ն` ծաղկի շուկայի խնդիրների մասին

Ծաղկավաճառների մոտ վերահսկողական գործողությունները շարունակվում են, այս պահին արդեն 10 տնտեսվարող կարողանում է արտահանում իրականացնել, մյուս տնտեսվարողները փորձում են իրենց աճեցրած ծաղիկները ներքին շուկայում իրացնել և զուգահեռ հայտնաբերված խնդիրները կարգավորել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ խնդրի լիարժեք հանգուցալուծումը դեռ հեռվում է, որովհետև ծաղկավաճառները շատ են։
 
Նշենք, որ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ։
 
«Մեզ մոտ ծաղիկ աճեցնելու կուլտուրան ընդլայնվել է, բավականին մեծ տարածքներով, հեկտարներով ծաղկի ջերմոցներ կան, ու դրանք ամբողջությամբ պետք է ստուգվեն՝ ըստ ռուսական կողմի պահանջի և նաև մեր ապահովության համար, որ հասկանանք՝ որտեղ և ինչ խնդիրներ կան։ Գործընթացը բարդ է, ժամանակատար, մեծ ջանքեր պահանջող, բայց մեկնարկը տրված է»,-նշեց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմը շարունակում է մասնակցել տեսազանգի ձևաչափով, բայց սպասվում է ռուս մասնագետների այցը ՀՀ։
 
«Մենք ստուգումներն անում ենք, ցուցումներ տալիս՝ որտեղ և ինչ է պետք ուղղել․ նախևառաջ դրանք կապված են ծաղկի որակի և անվտանգության հետ, կարանտին վնասատու օրգանիզմներ չպետք է լինեն։ Եթե դրանք լինեն, ռուսական կողմը հերթական անգամ կարգելի ներմուծումը»,- նշեց Հարությունյանը։
 
Հավելեց՝ տնտեսվարողները շատ պատրաստակամ են, խնդիրը հայտնաբերվելու դեպքում ցուցումներին համապատասխան արագ քայլեր են ձեռնարկում։ Սկզբում ծաղկավաճառների բողոքի ակցիաների պատճառն այն էր, որ արտահանում չէին կարողանում անել և լիովին չէին հասկանում պատճառները։ ՍԱՏՄ-ն մանրամասն ու մատչելի ձևով բացատրեց՝ ինչն է խնդիրը, տնտեսվարողներն էլ ընդունեցին դա։
 
«Այնպես չէ, որ միայն Ռուսաստանն է նման պահանջ դնում, մենք էլ ենք նույնը պահանջում։ Հայաստան մտնող ապրանքները ևս ստուգվում են, չի կարող հիվանդությամբ ինչ-որ տեղից որևէ ապրանք գալ, թեկուզ՝ ծաղիկ, ու մենք թույլ տանք, որ երկիր մտնի։ Կարանտին վնասակար օրգանիզմը պետք է վերացնել, չպետք է թողնես քո երկիր մտնի։ Ուստի արտադրողը հասկանում է, որ առավելագույն իդեալական վիճակի պետք է բերել ծաղիկները և անում է դա։ Մենք ուղղակի չենք ասում՝ գնացեք, ոնց ուզում եք խնդիրը լուծեք, այլ իրենց կողքին կանգնած ենք և օգնում ենք։ Նույնիսկ եթե իրենք չեն կարողանում հայտնաբերել խնդիրը, մենք ենք հայտնաբերում, ցույց ենք տալիս լուծման ճանապարհն ու ուղիները, բնականաբար նաև պահանջում ենք, որ դրանք պահվեն»,- նշեց Հարությունյանը։
 

  • Կիսվել: