ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արցախցիներից խլում են իրենց խնայողությունները. Արթուր Խաչատրյան

Արցախցիներից խլում են իրենց խնայողությունները. Արթուր Խաչատրյան

Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հայաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:

«Երկրորդը՝ ինչու ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեցին Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով որ չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ այդպես չեն արել։

Մարդու խնայողություններ են, առանց իրեն հարցնելու, փողը ձեռից խլում ես, ասում ես՝ ներդնում եմ այսինչ հաշիվների վրա՝ ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցները ինչ կարիքներ ունեն հիմա և ինչ կարիքներ են ունենալու վաղը»,-ասաց նա:

Պատգամավորի ներկայացմամբ, այդ գումարը առանց մարդու համաձայնությունը հայցելու տալիս են կենսաթոշակային հիմնադրամին, վերջինս էլ ներդրում է անում։

«Այսօրվա քննարկումը խայտառակություն է, որովհետև հիշեցնեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական հիմնավորումը տնտեսությանը երկարաժամկետ փողով ապահովելն էր։ Հիմա մենք ի՞նչ տեսանք, 65%-ը, որը մնում է Հայաստանում, հիմնականում պարտատոմսերի մեջ է պետական և ավանդների մեջ է։

Ավանդների մեջ քաղաքացին ինքը կարող էր ներդրում անել։ Այդ դեպքում ինչի՞ ես փողը տալիս ինչ-որ մի հատ հիմնադրամի, հիմնադրամը դրա վրա փող է աշխատում և ավանդային ավանդների մեջ ներդրում է անում։ Ցանկացած քաղաքացի կարող է այդ ավանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի հետ:

Կամ պետական պարտատոմսերի մեջ ներդրում են անում։ Ի՞նչ է ստացվում։ Պետությունը ֆինանսավորում է 50%-ով կենսաթոշակային հիմնադրամին, փող է տալիս ձրի, հետո գնում պարտքով փող է վերցնո՞ւմ։

Իրենց ասում էին, որ պետք է իրական տնտեսության զարգացման համար փող ապահովեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս հարցը համընկալ բյուջետային քննարկման հետ, որովհետև բյուջեի քննարկման ժամանակ ասում էինք՝ դե ասեք, այս վերջին համարյա յոթ տարվա ընթացքում քանի՞ ձեռնարկություն է Հայաստանում ստեղծվել: Տնտեսությունը չի գործում, չի գործում տնտեսությունը, տնտեսության լոկոմոտիվներ չկան: Արդյունաբերության աճը, որ ցույց են տալիս, ֆիկցիա է, հեքիաթ, իբրև թե Հայաստանում 10 տոննա ոսկի է արտադրվել: Ո՞ր ձեռնարկությունն է դա արել, այդ ի՞նչ ոսկի է մտել Հայաստան, որը հետո հայկական ձեռնարկություններ իբրև թե մշակել են։

Այսինքն, փոխանակ նախ և առաջ դնեին իրական տնտեսության զարգացման հիմքերը աջակցեին արտադրողին, վերին մակարդակի վրա ինչ-որ ֆինանսական, գեղեցիկ բառերի հետևից էին ընկել, և ունենք այն, ինչ որ ունենք:

Էլի եմ ասում, պարտատոմսի մեջ ես ներդրում անում, ստացվում է, որ պետությունը 10%-ի 50%-ը, 5%-ը ինքն է տալիս, հետո իր տված փողը գնում պարտքով վերցնում »,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: