Արարատյան դաշտում միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը
Դեռևս 2021 թվականից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը. 2023-ին շարունակվել և ավարտին են հասցվել ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման աշխատանքները․ ընդհանուր առմամբ տեղադրվել են 2235 հատ SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումներ։ Այս մասին նշվել է Ջրային կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 166.3 մլն կՎտ ժ կամ 7.8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 172.2 մլն կՎտ ժ՝ 8.1 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է ծախսվել 5.9 մլն կՎտ ժ կամ 300 մլն դրամ:
2023-ին շարունակվել են միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Վերակառուցվել են երկրորդ կարգի ջրանցքների 45 կմ և ներտնտեսային ցանցերի 17 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ։
Ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառման շրջանակներում 2023-ին Արմավիրի և Արարատի մարզերում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 օբյեկտներում։
«Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագրի «Արփա-Սևան թունելի ընթացիկ շահագործում և պահպանում» միջոցառմամբ նախորդ տարի հատկացվել է 270 մլն դրամ: «Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում» միջոցառմամբ աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ շուրջ 220.1 մ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներն ամբողջությամբ վերանորոգվել և ավարտվել են նախորդ տարվա ընթացքում:
Իրականացվել են 172.5 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման և նորոգման աշխատանքներ: Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքներում կատարվել են գրունտային ջրերի մշտադիտարկումներ։ Միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը։