կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջարկվում են հարկ վճարողներին ծանուցումների նոր իրավահարաբերություններ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Առաջարկվում են հարկ վճարողներին ծանուցումների նոր իրավահարաբերություններ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Խորհրդարանը քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ:

Հարցով զեկուցող ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք իրավական և փաստական հանգամանքներ: Ըստ նրա՝ ՍԴ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Հարկային օրենսգրքի դրույթը, որը նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնող պահանջ՝ առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստմամբ: ՍԴ որոշման մեջ նաև նշված էր, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթն ուժը կորցնելու էր մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը:

«Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը՝ նախատեսելով, որ հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով ծանուցումն է, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով»,- նշեց ՊԵԿ նախագահը:

 

Սահմանվել են կանոնակարգումներ: Մասնավորապես՝ սահմանվել է, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված էջ մուտք չգործելու դեպքում հարկ վճարողին ծանուցում իրականացվելու է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին: Հարկ վճարողի ծանուցումը համարվում է պատշաճ էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:

  • Կիսվել: