ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առաջարկվում է վերացնել տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը

Առաջարկվում է վերացնել տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է վերացնել անօրինական աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս տեսչական մարմնի կողմից ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

«Սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, և ավելի պաշտպանված է տնտեսվարող սուբյեկտը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսչությունը ստուգում է նաև աշխատանքային պայմանագրի պատշաճությունը կամ ընդհանրապես պայմանագրի առկայությունը, այսինքն՝ թաքնված աշխատուժի հայտնաբերումը, ապա եռօրյա ժամկետի ծանուցումը ստուգումը դարձնում է ոչ արդյունավետ: Ամբողջ փոփոխության իմաստն այն է, որ միայն թաքնված աշխատանք հայտնաբերելու դեպքերում, կամ եթե պայմանագիրը սահմանված կարգով պատշաճ կնքված չէ, ստուգումների համար տեսչական մարմինը ստուգում իրականացնելիս այլևս չի պահպանում կամ նրա համար վերացվում է եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը»,- ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: 

Տիգրանյանի խոսքով՝ ակնկալվում է բարձրացնել թաքնված աշխատանքի հայտնաբերման և կանխարգելման  վերահսկողության արդյունավետությունը:

  • Կիսվել: