Առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը
««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը 2022 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը:
Ըստ նրա` օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել միջազգային համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը:
Սահմանվում են վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները:
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումով հանվում է վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետների սահմանման պահանջը, քանի որ Կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգի սահմանման իրավասություն:
Նշվել է, որ օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: