երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ապարանում աշխատանքներ են տարվում ուժեղ քամու հետևանքների արագ վերացման ուղղությամբ

Ապարանում աշխատանքներ են տարվում ուժեղ քամու հետևանքների արագ վերացման ուղղությամբ

Հունիսի 15-ին Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքների արագ վերացման և բնակիչների համար անվտանգ պայմանների ապահովման նպատակով Մահուբի Գևորգ փողոցում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։

«Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար.,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ 

Ապարանում ուժեղ քամու հետևանքով հունիսի 15-ի ժամը 21:00-ի դրությամբ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։ 

Պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ 

 

  • Կիսվել: