կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անշարժ գույքի նախկին կադաստրային արժեքները կգործեն մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում

Անշարժ գույքի նախկին կադաստրային արժեքները կգործեն մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ ամբիոնից կրկին անդրադարձել է ապօրինի հողատարածքների և ինքնակամ շինությունների օրինականացման խնդրին՝ քաղաքացիներին հորդորելով դիմել պատկան մարմիններին մինչև հունվարի 31-ը և վճարումներն իրականացնել նախկին կադաստրային արժեքներով: Թունյանը վստահ է, որ այդ հնարավորությունից կօգտվեն հազարավոր քաղաքացիներ: 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին փաթեթը:  

«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ բարձր են, քան նախկինում գործողները:

 

Դրա հետ կապված՝ առաջացել է խնդիր: Կային քաղաքացիներ, որոնք հողամասեր են ձեռք բերել հետագա վճարման պայմանով, և երբ այդ գործընթացը վերջնական ավարտեին, պետք է վճարեին այդ պահին գործող կադաստրային արժեքով: Հիմա կան մարդիկ, որոնք այդ վճարը չեն կարողացել կատարել և նախատեսել են հետո՝ այս տարի կամ հաջորդ տարի: Որպեսզի իրենք լրացուցիչ ֆինանսական բեռի մեջ չհայտնվեն, մենք նրանց հնարավորություն ենք տալիս՝ եթե 2021 թվականի ընթացքում նրանք վճարում կկատարեն նախկինում՝ հետագա վճարման պայմանով ձեռք բերված գույքի, հողակտորների համար, իրենց համար կգործեն նախկին կադաստրային արժեքները»,- ասաց պատգամավորը:

Թունյանի խոսքով՝ ևս երկու փոփոխություն է  կատարվել: Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, ովքեր դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական որոշման դեպքում նրանց համար նույնպես կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար, նրանց համար նույնպես կգործեն նախկին կադաստրային արժեքները:

  • Կիսվել: