ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրոշմանիշային վճարների չափերը կմեղմվեն

Անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրոշմանիշային վճարների չափերը կմեղմվեն

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը։ Օրենքի նախագծի վերաբերյալ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով։

ԱՀ ՊԵԿ նախագահ Դ․ Պողոսյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրոշմանիշային վճարների չափերի մեղմման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարի չափը սահմանել 18 000 ՀՀ դրամ, 2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24 000 ՀՀ դրամ, 6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48 000 ՀՀ դրամ և 12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: