Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Զարոկյան
Քաղաքապետարանում իրականացվող աուդիտը ֆինանսական է եւ կոռուպցիոն ռիսկերի հետ չի առնչվում. Որքան ես եմ հասկանում, ձեւական բնույթ են կրում աուդիտները: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
«Ճիշտ կլինի, որ ավելի խորը աուդիտներ լինեն քաղաքապետարանում, որովհետեւ շատ կասկածելի հարցեր կան: Օրինակ, անցած նիստին հարց բարձրացվեց, որ 24 մլն դրամ ամսական ցախավել եք առնում, 60 հազար ցախավել 600 աշխատողի համար: Եթե օրը երկու ցախավել են օգտագործում, դա ամսական 25 հազար ցախավել է, մնացած 35 հազարը որտե՞ղ է գնում: Կարող է ավագանու անդամներին ցախավել եք բաժանում, չգիտեմ: Ո՞նց կարող է ամիսը 14 մլն դրամի ցախավելը անհետանա:
Մյուս խնդիրը, 3 հատ զուգարանի համար ամիսը 640 հազար դրամ եք հատկացնում: Դրանցից երկուսը ընդհանրապես չեն էլ աշխատել: Երեւանյան լճում է եղել եւ չի օգտագործվել, երրորդի մոտ էլ մի կին կանգնած դրամ է հավաքում: Այսինքն դուք 640 հազար դրամ տալիս եք զուգարաններին, էդ փողն ո՞ւր է գնում:
50 մլն դրամով Մաշտոցի գետնանցումը նորոգել եք մի քանի ամիս առաջ, բայց անձրեւից հետո գետնանցումը ջրով է լցվում: Ստացվում է, որ պոմպերը չեն աշխատում»,-ասաց նա:
Զարոկյանն անդրադարձավ նաեւ տոմետների խնդրին. «Միլիոնավոր դոլարներ եք ծախսել տոմետները փոխելու վրա: Վերջը ստացվում է, որ տոմետների ՍՊԸ-ն ձեր ավագանու լիստի մեջ է, ՔՊ-ական է: Դուք այստեղ շահերի բախում չեք տեսնո՞ւմ: Շահերի բախումը կոռուպցիա է:
Էդ նույն մարդը, որ ձեր ավագանու անդամը պետք է լիներ, 770 հազար դրամանոց հեծանիվի կայանատեղի է ստեղծել Երեւանյան լճում»,- ընդգծեց նա: