շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՄՀ-ի հետ քննարկվել է հանրային ներդրումների կառավարման վերաբերյալ հարցեր

ԱՄՀ-ի հետ քննարկվել է հանրային ներդրումների կառավարման վերաբերյալ հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին եւ իր թիմին եւ նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարեւորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։

«Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) եւ հանրային ներդրումների համապատասխան շրջանակ»,- նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանն այս ոլորտում առաջիկա աշխատանքներում կարեւորել է ԱՄՀ առաքելության դերը եւ առաջարկել սերտ համագործակցություն։

Դոմինիկ Գիյոմն իր խոսքում նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել ՊՄԳ շրջանակի ձեւավորման եւ հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ։ Նա առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության եւ վերահսկման ընթացակարգերին եւ մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաեւ պետական ակտիվների գույքագրման կարեւորությանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմը շնորհակալություն է հայտնել մանրամասն եւ համապարփակ քննարկման համար, նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու նախարարությանն առաջիկա աշխատանքներում։

  • Կիսվել: