երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ալխաս Ղազարյանը, Նարեկ Մկրտչյանը ու Արազ Պապիկյանը Պեկինում անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներին

Ալխաս Ղազարյանը, Նարեկ Մկրտչյանը ու Արազ Պապիկյանը Պեկինում անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գործընկերներիս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի ու Վերահսկող հանձնաժողովի անդամ Արազ Պապիկյանի հետ միասին հանդիպում ունեցանք Չինաստանի Կոմկուսի կենտկոմի միջազգային դեպարտամենտի փոխնախարար Սուն Հաիյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Քննարկման օրակարգում Չինաստանի Կոմունիստական Կուսակցության և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների միջև հնարավոր համագործակցությանն ուղղված համատեղ աշխատանքները և դրանց հնարավորություններն էին։ Պայմանավորվեցինք սեղմ ժամկետներում ընթացք տալ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության պաշտոնականացմանը՝ կնքվելիք հուշագրի շրջանակում։

Զրույցի ընթացքում ներկայացրեցինք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով մեր երկրում խաղաղության ու անվտանգության ապահովման ու դրանց պահպանման առաջնահերթությունը։ Անդրադարձանք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներին:

Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպում ունեցանք նաև «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։

Կարևորելով հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծեցինք երկու երկրների միջև ամուր քաղաքակրթական կապի, փոխառնչությունների ու ընդհանրությունների նշանակությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները, նախատեսվող ծրագրերը:

Տիկին Բեյլին իր հերթին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը:

Զրույցի ընթացքում Շեն Բեյլին նաև նշեց, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև քննարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Այս համատեքստում քննարկվեց համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը:

Հանդիպեցինք նաև ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենֆուի և ՉԺՀ-ի մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիափինի հետ։ Հանդիպումներին մասնակցեցին նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը»,–գրել է նա։

  • Կիսվել: