432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել և շարունակվում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 մլն 416 հազար 88 դրամի հաշվին։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել 2 հազար 690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։
2024 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանի տրասնպորտային հանգույցի թևերն արդեն ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ 36 մետր երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։