4 մլրդ 69 մլն դրամ կհատկացվի մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար. դրանց թվում է Ախթալա բնակավայրի փլուզված ճանապարհը
Առաջարկվում է 4 մլրդ 69 մլն դրամ հատկացնել մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, տեխնիկական և հեղինակային հսկողության նախագծերի ձեռքբերման աշխատանքներին, փորձաքննության ծառայությունների ձեռքբերման աշխատանքներին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ընդհանուր 32,7 կմ ճանապարհի մասին է խոսքը, որոնց մի մասը՝ 3,5 կմ-ը, հիմնականում միջպետական ճանապարհներ են, 9,6 կմ-ը՝ հանրապետական, 19 կմ-ը՝ մարզային-տեղական նշանակության ճանապարհներ են:
Մարզային-տեղական նշանակության ճանապարհների զգալի մասն էլ դեպի դպրոց տանող ճանապարհներն են»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը։ Դրանց թվում են Գյումրիից մինչև ՀՀ սահման տանող 600 մ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ինչպես նաև Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ և Ջուջևան տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Վերջինս գրունտային է, սակայն առաջին անգամ ասֆալտապատվելու է։ Նախատեսվում է, որ հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 3-4 տարվա ընթացքում։
Նախատեսվում է նաև կառուցել դեպի Բերդ համայնք տանող երրորդ ճանապարհը՝ Իծաքար–Բերդ ուղղությամբ։
Ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև վերակառուցել Վանաձոր–Ալավերդի–Հայաստանի սահման՝ Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա բնակավայրի տարածքում գտնվող փլուզված հատվածը:
«Փլուզումը տեղի էր ունեցել ջրհեղեղի պատճառով։ Ճիշտ է, այնտեղ հիմա նորմալ երթևեկություն է, բայց այնուամենայնիվ, ինժեներական լուծումներով պետք է ապահովել փլուզման կրկնության բացառումը»,- ասաց նա:


