չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
33 մեքենա Վերին Լարսի ճանապարհին են. Պապոյանը՝ կոնյակի արտահանման հետ կապված խնդիրների մասին

33 մեքենա Վերին Լարսի ճանապարհին են. Պապոյանը՝ կոնյակի արտահանման հետ կապված խնդիրների մասին

Ինչ-որ պահից վրացական կողմը փորձաքննություններ իրականացնելու պատճառաբանությամբ կանգնեցրեց հայկական բեռնատարները, որոնք տեղափոխում էին շշալցված կոնյակ հայկական բրենդի: Այդ պահից մենք ակտիվ աշխատանք ենք իրականացրել, և մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել, և դրանք ՌԴ տարածքում են՝ այն վերջնակետում, որտեղ պետք է գնային: Դրանից հետո մի քանի օր կանգ տեղի ունեցավ, երեկ խոստացան, որ 50 մեքենա թույլ կտան: Մեկ ժամ առաջվա դրությամբ՝ արդեն 33 մեքենայի դրական թույլտվություն տեղի է ունենում, և ընթացքը շարունակվում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին:

«Վրացական կողմը խոստացել է մեզ, որ այդ հարցը կլուծվի: Հիմա իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել, և այդ մեխանիզմով շարունակում ենք համատեղ աշխատել: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, պրոբլեմը կա, բայց նաև պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք դրական զարգացում. մասնավորապես 33 մեքենա դուրս է եկել Գեզի կոչված մաքսային տարածքից և գնում է Վերին Լարս, այսինքն՝ ճանապարհին են»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Վրաստանում ունեն կասկածներ, որ այդ կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություններ իրականացնել:

«Ես պետք է նշեմ, որ, ըստ էության, այդպիսի իրավունք ունի այն պետությունը, որը ստանում է ապրանքը. փոխադրող երկրները նման իրավունք չունեն, և մենք այդ մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե ինչ-որ մեքենայի հետ կապված կասկած կա, ապա առաջարկում ենք հետևյալը. համատեղ վերցնենք նմուշը, դա ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, այնտեղ փորձաքննություն իրականացվի, և եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, ապա մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ: Միևնույն ժամանակ մենք ակտիվ աշխատում ենք Հայաստանում այդպիսի լաբորատոր կարողություն ձևավորելու ուղղությամբ, և հիմա բոլոր սարքավորումները, ըստ էության, գնված են: Հիմա թրեյնինգի փուլի մեջ են ՍԱՏՄ աշխատակիցները, որից հետո կկարողանան հավատարմագրվել և այդ փորձաքննությունն իրականացնել»,- ասաց Գևորգ Պապոյանը:

  • Կիսվել: