հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
271 մլն՝ տարիներով ձևավորված ուտուշխմուշային կարծրատիպերը կոտրելու համար. Թեհմինա Վարդանյան

271 մլն՝ տարիներով ձևավորված ուտուշխմուշային կարծրատիպերը կոտրելու համար. Թեհմինա Վարդանյան

«Կարծես թե մեդիայում սխալ շեշտադրմամբ շարադրվեց երեկվա ավագանու նիստում ընդունված՝ ամանորյա ծախսերի հետ կապված հարցը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարը ՉԻ ՓՈԽՎԵԼ։
ՀՀ Կառավարությունը նպատակային ծախսերի համար ՀԱՎԵԼՅԱԼ 271,797,100 դրամ է հատկացրել ամանորյա միջոցառումների համար։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանը ՉԻ ԿԱՐՈՂ այլ նպատակով ծախսել տրված գումարը։
_____
2 օբյեկտիվ նկատառում.
Կենտրոնացված մեծ միջոցառումը դեկտեմբերի 31-ին Երևան է բերելու արտերկրյա տուրիստների մեծ հոսք՝ հարևան ու ոչ միայն հարևան երկրներից։
Հայաստանի տարբեր ծայրերից, մարդիկ, երեխաներ, մեծահասակներ, ովքեր տարիներ շարունակ սովետական տոնածառներով ու խաղալիքներով են անցկացրել այս հեքիաթային տոնը, տարիներով մոռացված են եղել ու երբեք էսպիսի տոնի երես չեն տեսել, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈւ վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց։

ՆԱԵՎ

1 սուբյեկտիվ նկատառում.
վերջապես հնարավորություն ունենք տարիներով ձևավորված ամանորի գիշերվա «ուտուշխմուշային» կարծրատիպը կոտրել»։

Նրա գրառմանն ի պատասխան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը դարձյալ ֆեյսբուքում գրել է, որ Կառավարությանը խորհուրդ կտար պահուստային ֆոնդից տրամադրվող 271 մլն դրամն ուղղել Գյումրի։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության և քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 325 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենևին չեն մտնում վարչական շրջանների ամանորյա ծախսերը։ Վերջիններս ներառյալ, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլնդրամ։

Կառավարությանը խորհուրդ կտայի պահուստային ֆոնդից տրամադրվող այդ 271 մլն դրամն ուղղել Գյումրի։ Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր։ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»։ Քաղաքապետարանն էլ կարող էր ընդամենը զուսպ լինել իր ծախսերի մեջ և լուծեր բազմաթիվ խնդիրներ, որոնք օրհասական են։ Ամանորը միշտ էլ լավ է անցել Երևանում։ Պետք չի 1.2 մլն $ ծախսել ու հպարտանալ դրանով։

Այս ամենն ինձ հիշեցնում է հիվանդ մի կնոջ, ում դալուկ դեմքին շպար են քսում ու աչքերը ներկում, բայց ողջ մարմինը քայքայվում է...

# Սինգապուր դարձած իմ Էրեբունի»:

Դրանից հետո արված մեկ այլ գրառման մեջ Թեհմինա Վարդանյանը նշել է.

«Փաստորեն, իմացանք, որ կառավարությունը 271 մլն գումար պահուստային ֆոնդից տրամադրել է, որ մարդիկ հնարավորություն ունենան վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց։ Ու կոտրեն տարիներով ձևավորված ուտուշխմուշային կարծրատիպերը։

Շատ զիլ հիմնավորումներ են»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը քաղաքապետարանի նպատակային ծախսերի համար հավելյալ 271,797,100 դրամ է հատկացրել ամանորյա միջոցառումների համար։

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հազար դոլար, ընդհանուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հազար դոլար։

  • Կիսվել: