չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
2025-ին սպասվում են 2 տրլն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից

2025-ին սպասվում են 2 տրլն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները՝ անդրադառնալով պետական բյուջեի եկամուտներին և ծախսերին, ինչպես նաև արդյունքային ցուցանիշներին:

Ներկայացնելով հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանք ոգևորիչ ու տպավորիչ են: Նա տեղեկացրել է, որ նշյալ ամիսներին եղել են 2 տրիլիոն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 14 տոկոսով ավելի են նախորդ տարվանից:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2025 թվականին սպասվում են 2 տրիլիոն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից:

Խոսելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշից՝ զեկուցողն ընդգծել է, որ այս տարի էական բարելավում է լինելու՝ գերազանցելով նույնիսկ 2023 թվականի արդյունքները՝ հասնելով 24,5 տոկոս: Նա նշել է, որ վերոնշյալ միտումները կպահպանվեն նաև 2026 թվականին:

ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2026 թվականին 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել են 4 մլրդ-ով և կազմում են 36 մլրդ դրամ: Աճի մեծ մասը, ըստ զեկուցողի, ուղղված է հիփոթեքային վարկերի գծով տոկոսների գումարի վերադարձին:

Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները` կոմիտեի նախագահը նշել է, որ մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումները շարունակական են լինելու` առավել հարմարավետ համակարգեր ստեղծելու նպատակադրմամբ:

Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև ՊԵԿ-ի նոր առաքելությունն ու տեսլականը, որը հասցրել են արդեն ձևակերպել, և որի հիմքում հայեցակարգային հարցերն են: Դրանք վերաբերում են պետության և ՊԵԿ-ի դերի վերաիմաստավորմանը:

Անդրադառնալով առաքելությանը՝ նշվել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն է ապահովել արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը, իսկ տեսլականն արդեն վերաբերում է ապագային:

ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: