չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2024-ին ուղղվել են 155 բնակավայրի կադաստրային քարտեզներ

2024-ին ուղղվել են 155 բնակավայրի կադաստրային քարտեզներ

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները լայն թափով շարունակվել են։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, նշեց, որ նախորդ տարի ուղղվել են 155 բնակավայրի կադաստրային քարտեզները։  Շուրջ 40 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Կադաստրային քարտեզներում սխալների մասին շատ ենք խոսել։ Սխալները տարբեր տեղերում տարբեր չափերի կարող են լինել՝ մի քանի սմ-ից մինչև 180 մ։ Ավելին, մենք ունենք համայնքներ, որոնք մի քանի 100 մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններով։ Սա հետևանքն է նրան, որ բնակավայրի քարտեզը ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ։  Այնուհետև երկրորդ քարտեզն է ստեղծվել այլ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ այլ համակարգչի մեջ։ Սրանք չեն բերվել, հավաքվել մեկ տեղ, որպեսզի հասկանալի լինի, թե իրենց սահմանագիծը ճիշտ է, թե սխալ։ Տարիներ շարունակ վարվել են առանձին-առանձին և դրա հետևանքով ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ»,-ասաց Սուրեն Թովմասյանը։ 

Նրա խոսքով՝ դա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին, այլ առնչվում է ամբողջ հանրապետության ներսում բնակավայրերի միջև սահմաններին։ 

«Կադաստրային քարտեզի շտկումը չի նշանակում հարևանների միջև սահմանի ուղղում, այլ հստակեցվում են կադաստրային թաղամասերը, բնակավայրերը, որ պետական ենթակառուցվածքները ճիշտ տեղով անցկացնեն, հետագայում ոչ բնակավայրերի, ոչ ներդրողների համար խնդիրներ չլինեն»,-ասաց Սուրեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հող պետք է ունենա իր ճշգրիտ կոորդինատները։ 

 

  • Կիսվել: