շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023-ին իրականացվել է ճանապարհաշինական նյութերի որակի 6 հազարից ավելի լաբորատոր փորձաքննություն

2023-ին իրականացվել է ճանապարհաշինական նյութերի որակի 6 հազարից ավելի լաբորատոր փորձաքննություն

2023-ին Հայաստանում իրականացվել է ճանապարհաշինական նյութերի և արտադրանքի որակական չափանիշների լաբորատոր փորձաքննություն: Նախորդ տարվա ընթացքում փորձարկումների թիվը գերազանցել է 6 հազարը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 28-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2023-ին իրականացվել է ճանապարհային ցանցի հսկողություն և ուսումնասիրություն, հիմնանորոգման և միջին նորոգման ծրագրերի մշակում: 2023թ․ գույքագրվել է 600 կմ ճանապարհ‚ կատարվել է 1600 կմ ճանապարհի ծածկի ուսումնասիրում, 100 հաշվեկետերում իրականացվել են ինտենսիվության չափումներ (ներառյալ 10 առցանց աշխատող հաշվեկետ)։

Իրականացվել է նաև տրանսպորտային միջոցների ինտենսիվության առցանց չափում, միջպետական ճանապարհների ծածկի ուսումնասիրում, ճանապարհային ցանցի արդյունավետ կառավարման նպատակով 2019 թվականին ստեղծվել է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։

«Ճանապարհային դեպարտամենտն» իրականացնում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների հսկողություն։ Ամռանը սպասարկվում է 2823 կմ ճանապարհ, ձմռանը՝ 3206 կմ։ Սպասարկվում են նաև 3 թունել, 5 կամուրջ, 765 կմ մետաղական արգելափակոցներ։ Սպասարկման ծրագրի շրջանակում նախորդ տարի իրականացվել է 434 050 քմ գծանշում։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման նպատակով 34 կազմակերպության հետ կնքվել է 48 պայմանագիր՝ ընդհանուր առմամբ 6 մլրդ 952 մլն դրամ արժողությամբ։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվող աշխատանքները դիտարկվում են առցանց եղանակով և այցերի միջոցով։ 2023 թվականին թվային հսկողությամբ արձանագրվել է 3510 թերություն։ Արձանագրված թերությունները ժամանակին չվերացնելու համար կատարվել է շուրջ 200 մլն դրամ պահում։

Մանրամասներ է ներկայացվել նաև «Ճանապարհների տեղեկատու» հավելվածի վերաբերյալ: Նշվել է, որ հավելվածը հաղորդում է օպերատիվ տեղեկատվություն ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության, հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին: Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել են 25 սև կետերի (վթարավտանգ հատվածներ) վերացման աշխատանքներ։ 38.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվել է անվտանգության տարրերի բարելավում։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցով։ Դրամաշնորհի շրջանակում, ընդհանուր առմամբ, կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։

  • Կիսվել: