ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չեն օրինականացման. փոխքաղաքապետ

2021 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չեն օրինականացման. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտարարել է, թե 2021 թվականից հետո կառուցված ինքնակամ շինությունները ենթակա չեն օրինականացման, այլ ենթակա են քանդման։ 

«Եվս մեկ անգամ ուզում եմ այդ մասին հիմա հայտնել, որ այստեղ կար հստակ ժամկետ ու կարմիր գիծ, դա 2022 թվականի հունվարի 31-ն էր։ 2021 թվականի հունվարի 31-ից հետո կառուցված որևէ ինքնակամ շինության սեփականատեր ու շահառու չի կարող դիմել համայնքին, որպեսզի մենք օրինականացնենք այդ շինությունը։ Նման շինությունները ենթակա են քանդման։ Մեր համաքաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում, որ նման արարքներ չանեն, այդ արարքները մեր կողմից լինելու են պատժելի»,- ասել է նա՝ հավելելով,- «Իրականում ինքնակամ շինությունները լավ բան չեն և լինում են երկու տեսակի։ Մեկը դա այն է, երբ մարդն իր սեփական հողի վրա առանց քաղաքապետարանին տեղեկացնելու, դիմելու որոշակի աշխատանքներ է իրականացնում, և հիմա դիմում է, որպեսզի օրինականացնի։ Երկրորդը, երբ որևէ քաղաքացի հենց համայնքի հող է զավթել և որևէ շինություն է կանգնեցնում։ Մենք ավելի խիստ ենք ֆիլտրում այն դիմումները, որոնք հենց համայնքային հողի վրա են արվել»։

Հովհաննիսյանը նաև մանրամասնել է, որ եթե մարդն իր սեփական հողի վրա է ինքնակամ շինություն կառուցել և որևէ քաղաքաշինական նորմեր չի խախտել, ապա համապատասխան քայլերն անցնելուց հետո քաղաքային իշխանությունը խոչընդոտներ չի ստեղծում։ «Ինչ վերաբերում է համայնքային հողին, ֆիլտրման աշխատանքներն այլ են, մենք պետք է հասկանանք, որ այդ հողատարածքը քաղաքի համար այլ հետաքրքրություն, նոր ճանապարհ, նոր ենթակառուցվածքներ չի ներկայացնում։ Եվ այդտեղ նույնպես կա համապատասխան քայլերի հերթականություն, և համայնքային հողի վրայի ինքնակամ կառույցները օրինականացվում են»։

  • Կիսվել: