հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյան

2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյան

2022 թվականի սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության համար, և 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681 հազար 50 աշխատատեղ: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև պետք է արձանագրեմ, որ այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 312-ով կամ 18,6 տոկոսով:

Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով:

«Սա, կարծում եմ, մի տարվա համար որպես աշխատավարձային ֆոնդ շատ կարևոր ցուցանիշ է, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 տոկոսով, այսինքն՝ հիմա հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին: 

Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը. սա թերևս այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: 

Անդրադառնալով մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձին, վարչապետն արձանագրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով:

«Իհարկե, թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

  • Կիսվել: