19,3 մլն դրամ հատկացվեց կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշվեց 19,3 մլն դրամ հատկացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության նպատակով աուդիտորական ծառայությունների համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, նաև սահմանվել է, որ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը:
Ըստ այդմ, սահմանվել է աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի գնի որոշման մեթոդաբանությունը: Պայմանագրի գնի որոշման համար Հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ: Սահմանված ժամկետում Հանձնաժողովը ստացել է գնային առաջարկներ 6 աուդիտորական կազմակերպություններից:
Հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ.
«Հայաստանի դեմոկրատական» - 1 170 000
«Վերածնվող Հայաստան» - 1 194 000
«Մեր տունը Հայաստանն է» - 1 230 000
«Հայրենիք» - 1 455 000
«Ապրելու երկիր» - 1 485 000
ՀՀԿ – 3 120 000
ՀՅԴ – 2 320 000
ԲՀԿ – 960 000
«Հանրապետություն» - 810 000
«Քաղաքացիական պայմանագիր» - 4 800 000
«Լուսավոր Հայաստան» - 840 000
ԸՆԴԱՄԵՆԸ – 19 384 000
Այս նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացնել 19 384 000 դրամ:
Հիշեցնենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված է. «Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի երկու տոկոսը:
Պետական ֆինանսավորումը հատկացվում է միայն այն կուսակցությունների դաշինքներին, որոնք հաղթահարել են Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական արգելապատնեշը: