հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
15 աշխատանքային օրվա փոխարեն եկամտային հարկը կվերադարձվի 3 օրում. Ռուստամ Բադասյան

15 աշխատանքային օրվա փոխարեն եկամտային հարկը կվերադարձվի 3 օրում. Ռուստամ Բադասյան

Պարզեցվում և թվայնացվում է եկամտային հարկի վերադարձման գործընթացը: Կառավարության նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը:

«Հիմա երկու տեսակ դիմում ունենք. առաջինը՝ առաջին անգամ, երբ դիմում են եկամտային հարկի վերադարձման համար, ներկայացնում են համապատասխան վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքը վկայող փաստաթղթերը, բանկի կողմից տրամադրված տեղեկանք, տեղեկանք կառուցապատողից, որ վկայականը ձեռք է բերվում անմիջապես կառուցապատողից և այլ փաստաթղթեր:

Դրանից հետո արդեն, ամեն եռամսյակի արդյունքներով, հաջորդ ամիս ներկայացնում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ: Դիմումների սպասարկումը, գործող կարգավորումների համաձայն, տևում է 15 աշխատանքային օր: Առաջանում են բազմաթիվ դժվարություններ և դժգոհություններ, և մենք փոխում ենք համակարգը:

Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է համապատասխան օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով ինքն արդեն անձնական գրասենյակ է ունենալու և ամեն անգամ եռամսյակի արդյունքներով՝ այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու՝ առաջինը՝ «ԱրՔա» համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների վերաբերյալ, երկրորդը՝ վճարված եկամտային հարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակով նաև դիմում է գեներացվելու: Դիմումը ներկայացվելու է հարկային մարմին բացառապես էլեկտրոնային եղանակով, և գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է համակարգը ներդնել 2022 թվականից հունվարի 1-ից:

«Հաջորդ եռամսյակին կրկին բացառվելու են դժվարությունները: Էլեկտրոնային համակարգը չի լինելու, բայց հաջորդ ամսվանից սկսած դիմումները սպասարկելու ենք 15 աշխատանքային օրվա փոխարեն 3-5 աշխատանքային օրում»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: