հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար, այժմ՝ 1200

10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար, այժմ՝ 1200

2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում գրանցված վերջին ցուցանիշները:

Ըստ նախարարի՝ այժմ ուսումնասիրվում են առաջին եռամսյակի արդյունքները, թե ինչքան գումար է ծախսել 1 զբոսաշրջիկը Հայաստան այցելելիս: 

«Նախորդ վերլուծությունները 10 տարի առաջ են կատարվել, և 10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլարի կարգի, հիմա այդ թիվը 1200 է: Այսինքն՝ 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար»,- ասաց նախարարը՝ մանրամասնելով, որ 2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով Հայաստանը 2023-ին կլինի ռեկորդային տարի, եթե, ըստ Քերոբյանի, զգալի կամ լուրջ խոչընդոտներ չլինեն:

Հիշեցնենք, որ 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, որը, ըստ պաշտոնական տվյալների, ռեկորդային ցուցանիշ է:

  • Կիսվել: