ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը

Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը

Թե երբ է սկսվել Գորիսի և Կապանի զորամասերի կրճատման գործընթացը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում, բայց և շեշտում է` դավադրություն այստեղ պետք չէ փնտրել։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
 
«Դա եղել է համապատասխան եղած մարդկային, կազմհաստիքային ռեսուրսների հետ և այն մարտավարությանը, ռազմավարությանը, օպերատիվ արվեստին, որը դրված էր այդ ժամանակվա հրամանատարի մտահղացման մեջ։ Ես համաձայնել եմ դրան, և գտնում եմ, որ եթե պետք էր այլ մոտեցում, ապա այն պետք է ներկայացվեր։ Եթե ես չեմ սխալվում` Օնիկ Վիկտորովիչն այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալն էր, երբ այդ որոշումը կայացվում էր»,– նշեց Տոնոյանը։
 
Տոնոյանը նաև նշեց` պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կառավարման համակարգը լիարժեք գործում էր խաղաղ պայմանների համար։ Շեշտեց` կառավարման համակարգը, իհարկե, ունեցել է թերություններ, որոնք փորձել են շտկել և՛ իրավական, և՛ կազմակերպչական առումով։
 
«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնացնում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի և ծավալի մարտական գործողությունների վարման առումով»,– ասաց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։

  • Կիսվել: