շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդամենը 3 տարում Հայաստանը գնել է 10 տարում գնած զենքի համարյա կրկնապատիկը. Վահագն Ալեքսանյան

Ընդամենը 3 տարում Հայաստանը գնել է 10 տարում գնած զենքի համարյա կրկնապատիկը. Վահագն Ալեքսանյան

2008-2018 թվականներին Հայաստանը գնել է 345 միլիարդ դրամի զենք: 2018-ից մինչև 2020-ն ընկած հատվածում Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք: Սպառազինության մասին վիճակագրությունն ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելուն:

«Սա առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը, ժամանակին իր իսկ կողմից Սահմանադրության մեջ ամրագրված ու Սահմանադրության փոփոխությունների առաջամարտիկը լինելով, ինչ-որ նոր թեզեր է առաջ քաշում: Դրա վառ օրինակն այսօր ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելն է կամ, այլ կերպ ասած, ավելի պարզ մարդկային լեզվով ասած՝ այդ աշխատանքներից ընդդիմության գլխապատառ փախուստը, ինչը, բնականաբար, լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ, օրինակ, ընդդիմությունը՝ Դաշնակցությունը, Հանրապետականը, չէր ուզում և այդպես էլ չեկավ քննիչ հանձնաժողով՝ լսելու, որ, օրինակ, 2008-2018 թթ. Հայաստանը գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք: 345 միլիարդ դրամի զենք՝ 10 տարում. դա 1 միլիարդ դոլարից էլ քիչ է:

2018-ից մինչև 2020-ն ընկած հատվածում Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք, ընդամենը 3 տարում՝ 10 տարվա գնածի համարյա կրկնապատիկը: Ու ի՞նչ է սա, եթե ոչ՝ հայրենավաճառության մասին փաստական ապացույց: Եվ բնական է, որ հենց այս պայմաններում ընդդիմությունը պետք է հրաժարվեր և բոյկոտեր քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ հայտարարելով, որ ավելի լայն հանրային վստահության ինչ-որ կառույց է պետք, օրգան է պետք, տարբերակ է պետք:

Ես իհարկե հասկանում եմ՝ որտեղից են գալիս ընդդիմության սեփական վստահելիության ու հավանության ռեյտինգի մասին պատկերացումները: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր շրիշակից էլ ներքև է այդ վստահության մակարդակը, բայց, խնդրում եմ՝ դա չպրոյեկտել մեր քաղաքական ուժի վրա: Ու ամեն դեպքում, եթե ունեք որոշակի հարցեր, պնդումներ, հակադարձումներ, եկեք քննիչ հանձնաժողով ու տվեք: Բայց չեք գա, չեք տա, որովհետև չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել որպես մեղադրանք, ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան: Ու դա գիտակցելով է, որ դուք փախուստի՝ գլխապտույտ, գլխապատառ փախուստի մեջ եք քննիչ հանձնաժողովից»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

  • Կիսվել: