կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վազգեն Սարգսյան ընդունված կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում, կստանան բնակարան. Փաշինյան

Վազգեն Սարգսյան ընդունված կուրսանտները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում, կստանան բնակարան. Փաշինյան

Եթե առաջ հիփոթեքային վարկ վերցրած զինծառայողներին աջակցելու համար վիճակահանություն էր իրականացվում, ապա հիմա արդեն երկրորդ տարին է, բոլորի հայտերը բավարարում ենք, վիճակահանության մասը դուրս է եկել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրականացվում է բյուջեի հնարավորությունների սահմաններում: 

ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այս ծրագրով 2020-ին բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է 1130 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023-ը:

Փաշինյանը կանխատեսեց, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի կմեծանա, քանի որ զինծառայողների աշխատավարեձերը բարձրանում են կամավոր ատեստավորման արդյունքում. «Եթե այս տեմպը պահենք, շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլեւ մեխանիզմ է դրվել նաեւ հետագայի համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվանից Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները, եթե ծառայության անցնեն Զինված ուժերում, կստանան բնակարան։

«Այսինքն ոչ թե հիփոթեքային վարկով, այլ կստանան բնակարան։ Այս բոլոր մեխանիզմներով գործնականում մենք մեր սպայական կազմի բնակարանային ապահովության հարցը կլուծենք։ Սակայն, ես ուզում եմ ընդգծել, որ այս հիփոթեքային ծրագիրը, որն այսօր քննարկում ենք, վերաբերում է ոչ միայն սպայական կազմին, այլ, ընդհանրապես, զինծառայության մեջ գտնվողներին»,-նկատեց Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հստակեցրեց, որ ծրագիրը վերաբերում է նաև կրտսեր սպայական կազմին։

Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու ծրագրին կարո՞ղ են մասնակցել պայմանագրային զինծառայողները, Պապիկյանը պատասխանեց. «Ոչ»։

Նշենք, որ կառավարություն այսօր որոշում կայացրեց, որով փոփոխություն կատարեց այդ աջակցության ծրագրում: Մասնավորապես, հիփոթեքային վարկ վերցրած զինծառայողը այս ծրագրով կստանա 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 238 հազար դրամ, իսկ վարկի տոկոսադրույքը սահմանվում է 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։

  • Կիսվել: