ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի զինուժի ներգրավվածության վերաբերյալ թերի հաշվարկ ենք ունեցել. Տոնոյան

Թուրքիայի զինուժի ներգրավվածության վերաբերյալ թերի հաշվարկ ենք ունեցել. Տոնոյան

Հայկական կողմի հաշվարկը թերի է եղել` Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության վերաբերյալ։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը։ Անդրադառնալով հարցադրմանը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի երրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ՀՀ զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, Դավիթ Տոնոյանը նշեց` նման բան հաստատ հիշում է։
 
«Այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում, չգիտեմ, թե որ մասն է հրապարակել Անվտանգության խորհուրդը, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ Անվտանգության խորհրդին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր, որը մեզ համար տեսանելի էր»,– ասաց Տոնոյանը։
Մանրամասնեց` երրորդ կողմ ասելով նկատի ունի Թուրքիան։ Ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ անմիջական ներգրավվածությունը ոչ թե Նախիջևանի կամ Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ էր, այլ «ձիու քայլով» Արցախի թատերաբեմում էր։
«Դրա մասին ևս հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել նման բան, որ Թուրքիայի զինուժն անմիջապես կարող են հայտնվել Արցախյան թատերաբեմից 25-45 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»,– նշեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։

  • Կիսվել: