հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրք գեներալը գործուղվել է Ադրբեջա՞ն

Թուրք գեներալը գործուղվել է Ադրբեջա՞ն

Ադրբեջանական մամուլի հրապարակումների համադրումից կարելի է եզրակացնել, որ վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո Բաքվի մերձակայքում ստեղծվում է անօդաչու թռչող սարքերի կառավարման եւ ծրագրավորման կենտրոն: Ըստ տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված թուրքական արտադրության ,,Բայրակդար,, կոչվող ԱԹՍ-երը թողնվել են Ադրբեջանում:


Բաց աղբյուրներից քաղած տեղեկատվության համաձայն՝ համատեղ զորավարժություններին ներգրավված է եղել նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Գյոքսել Քահյան: Այս զինվորականի մասին հայտնի է, որ ավարտել է Թուրքիայի ռազմական ակադեմիան, վերապատրաստում անցել Միացյալ Նահանգներում եւ Բելգիայում, մասնագիտական ունակությունները կատարելագործել է ՆԱՏՕ-ի կենտրոնական կառավարման ապարատում:
Թուրք գեներալի կենսագրության ամենաուշագրավ մասը վերաբերում է նրա ծառայությանը Լիբիայում, որտեղ այդ երկրի կառավարությունն ապստամբական ուժերի դեմ պայքարում կիրառել է ԱԹՍ-եր:

Միջազգային փորձագիտական շրջանակները դա վերջին մի քանի տարիների թուրքական կողմի ամենահաջողված գործողությունն են համարում: Աղբյուրների վկայությամբ, թիրախավորվել են ռուսական ,,Վագներ,, խմբավորման ուժերը:


Գեներալ Գյոքսել Քահյան, ամենայն հավանականությամբ, ներկայումս Ադրբեջանում է: Տավուշի ուղղությամբ եռօրյա մարտերում Ադրբեջանը երկու տասնյակից ավելի ԱԹՍ է կորցրել: Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, կարելի է եզրակացնել, որ գեներալ Քահյան ներգրավված է ադրբեջանական զինուժի ԱԹՍ –երի արդիականացման, ծրագրավորման եւ հետագա գործադրման մշակումներում կամ հենց ինքն էլ գլխավորում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:


Դատելով տեղեկատվական արտահոսքերից, Ադրբեջանը փորձում է գեներալ Քահյայի ներկայությունն օգտագործել նաեւ քարոզչական-հոգեբանական ազդեցության նպատակներով:

  • Կիսվել: