չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տպավորություն է, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել. այն սկսվել է պատերազմի ընթացքում զորակոչվելիս. Քոչարյան

Տպավորություն է, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել. այն սկսվել է պատերազմի ընթացքում զորակոչվելիս. Քոչարյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի բոլոր անդամներով առաջարկել ենք փոփոխություն ԱԺ կանոնակարգ օրենքում եւ դա միտված է նրան, որ ոչ  մեկը պառլամենտական երկրում պետք է իրեն թույլ չտա ասելու՝ դրանք ո՞վ են, որ ես գամ քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Չէ, պետք է գան, ինչպես եկան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով»,-ասաց նա:

Քոչարյանը տեղեկացրեց, որ դասալիքների թեմայի հետ կապված պարզաբանման համար դիմել են ԱԱԾ-ին եւ ստացված պատասխանները քննության առարկա են դառնալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում: Նա նշեց, որ հրապարակումների արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե դասալքությունը գործող բանակի մեջ է եղել. «Դասալքությունն սկսվել է, երբ պատերազմի ընթացքում զորակոչվել են, ստացել են սպառազինություն, համազգեստ, բայց տեղ չեն հասել, բայց կցագրված են եղել: Այդ բոլորը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Ես գիտեմ կոնկրետ թվերը, ես գիտեմ նաեւ, թե ինչքան մեղադրանք կա: Բայց մեղադրանքն ուրիշ է, դասալքության արձանագրումները զինմասերում ուրիշ է: Թիվ չեմ հնչեցնի, որ չշահարկեք, թիվը հազարներ են: Այդ հազարների քրգործերը չեք տեսնի, որովհետեւ դրանք դեռ ճշտվում են, խմբակային դասալքություն է, թե այլ: Այո, դասալքության դեպքեր եղել են, դա շատ վատ ազդեցություն է թողել ռազմական գործողությունների ընթացքում: Պետությունը պետք  է դասեր քաղելով ուսումնասիրի, թե ինչի արդյունքում եղան դասալքություններ: Նաեւ կան չլուծված խնդիրներ, որը բերեց դասալքության՝ մարդիկ պատրաստված չէին, չունեինք պահեստազորի հստակ կազմերը եւ այլն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

 

  • Կիսվել: