կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տեղեր կան, որ մենք նաև բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք. Գրիգորյան

Տեղեր կան, որ մենք նաև բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք. Գրիգորյան

Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, և դրա շրջանակներում ճշգրտվում է սահմանը Սյունիքում և ոչ միայն։ Կարելի է ասել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի գործընթաց է ընթանում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Խոսելով այն մասին, թե այդ գործընթացն ուղի՞ղ է, թե ՌԴ-ն միջնորդ է, նա ասաց՝ երբեմն ուղիղ, երբեմն՝ միջնորդավորված։

՛՛Սյունիքում ամբողջովին տարածքը վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից՝ 1994-ից սկսած։ Միայն այս պատերազմի արդյունքում է, որ դեմարկացիայի պրոցեսում որոշակի հստակեցումներ են կատարվում՛՛,-նշեց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե մենք Ադրբեջանի տարածքում արդյոք չունե՞նք հողեր, ինչո՞ւ դրանք չեն տալիս:

Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե ինքը հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում ու Կապանում, հիմնված է ինչ-որ փաստաթղթերի վրա, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աասել էր, որ հավելյալ փաստաթուղթ, քան հայտարարությունն է, չկա: Այս առնչությամբ ԱԽ քարտուղարն ասաց. ՛՛Բնականաբար, միայն հայտարարությունն է։ Փաստաթուղթ ասելով՝ նկատի եմ ունեցել Խորհրդային միության ժամանակաշրջանում ձևավորված փաստաթղթերը՛՛:

Նա նաև ասաց, որ դեմարկացիան դժվար գործընթաց է. ՛՛Ամբողջովին հստակեցում մտցնելու համար երբեմն բանակցություններ էլ են անհհրաժեշտ լինում, տեղեր կան, որ բանակցություններ են լինում, տեղեր կան, որ որոշակի չափով ավելի հստակ են լինում։ Պետք է ընկալենք՝ որևէ հենասյուն պետք է ունենանք, որովհետև չենք կարող 18-19-րդ դարի որևէ փաստաթղթով դեմարկացիա կատարել, չենք կարող նաև 1991-ից հետո ինչ-որ փաստաթղթով դեմարկացիա կատարել, որովհետև այդպիսի փաստաթուղթ գոյություն չի ունեցել՛՛։

Գրիգորյանը նշեց, որ փորձել են գտնել որևիցե փաստաթուղթ, որի հիման վրա կկատարեն, որովհետև եթե փաստաթղթի հիման վրա չկատարվի, կարող են ընկալումները շատ տարբեր լինել:

Դիտարկմանը՝ իսկ ո՞ր հենքով է ընդհանրապես դեմարկացիա կատարվում, կա՞ հայտարարության մեջ նման կետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դեմարկացիա կատարեն, ԱԽ քարտուղարն ասաց, որ դա տրամաբանական շարունակությունն է. ՛՛Չի կարող լինել, որ դեմարկացիա չլինի։ Մենք, միանշանակ, ավելի շատ ենք հետաքրքրված դեմարկացիայով՛՛:

Գրիգորյանի խոսքով՝ այն ժամանակ այդպիսի հստակեցումներ չեն եղել: ՛՛Օրինակ՝ Տավուշում, կարելի է ասել, հիմնականում կան դեմարկացիաները, որովհետև Արցախյան առաջին պատերազմի շրջանում այդ հստակությունները մտցվել են, բայց Գեղարքունիքի մարզի մի մասում, Վայոց ձորում, Սյունիքում այդպիսի անհրաժեշտություն երբեք չի եղել, և այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Քանի որ, հասկանալի պատճառներով, Սյունիքում որոշակի չափով սպառնալիքները ավելին են, քան եղել են, այդ իսկ պատճառով այնտեղ կա նաև ռուսական զորք՛՛,-պարզաբանեց ԱԽ քարտուղարը:

Դիտարկմանը, թե՝ եթե համաձայնագրում այդպիսի բան գրված չէ, ինչո՞ւ ենք մտել այդ պրոցեսի մեջ, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ կա դրա անհրաժեշտությունը։ ՛՛Տեղեր կան, որ մենք նաև բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք՛՛,-ասաց նա։

Նա խոսեց նաև այն մասին, թե ինչու՛ են ադրբեջանցիների հետ բանակցում համայանքապետները: Այս առնչությամբ Գրիգորյանն ասաց, որ ցանկացած կազմակերպություն, որի վրա կա ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան նախկինում է եղել, կարող է որոշակի դեպքերում 100 տոկոս չկարողանալ իրականացնել աշխատանքը։ ՛՛Հայասատնի սահմանը 500 կմ-ով ավելացել է, ինչի հետևանքով բոլոր խնդիրները միանգանից լուծելու հնարավորություն չունենք՛՛,-պարզաբանեց ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: