կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին

Սուրեն Պապիկյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից Կարինե Մանավազյանը։

«Պապիկյանը խոստացավ, որ արբանյակներով կկարողանանք հասկանալ, թե այդ պահին, որտեղ են եղել տղաները, նաեւ ԴՆԹ-ների հարցը կվերանայի։ Որոշ ծնողների հետ էլ առաջիկայում առանձին հանդիպումներ է ունենալու։ Ամեն դեպքում, մեծ ակնկալինքեր չունեինք իրենից, հիմա էլ չունենք»,- նշեց Մանավազյանը։

Հիշեցնենք, որ ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում Պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանց խոսքով՝ իրենք ամիսներ շարունակ փորձում են հանդիպել Պապիկյանին, սակայն հանդիպումն անընդհատ հետաձգվում է։

44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:

  • Կիսվել: