երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սմարթ հեռախոսներն արգելվելու են ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնողին, այլ նաև  զորամասերում. Արման Սարգսյան

Սմարթ հեռախոսներն արգելվելու են ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնողին, այլ նաև զորամասերում. Արման Սարգսյան

Զինծառայողներին արգելելով սմարթֆոն օգտագործել` կկանխվի նաև խաղադրույքներ կատարելու գործընթացը, որը համընդհանուր բնույթ է կրում։ ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նա նշեց, որ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։

«Սմարթֆոնների կրումն արգելվելու է ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին, այլ նաև զորամասերում։ Ինտերնետ հասանելիություն ունեցող «խելացի հեռախոս» կոչվածներն օգտագործելու հետևանքով, հակառակորդը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կարող է տեղորոշում իրականացնել։ Բացի այդ, դրանցով կարող են սոցցանցերի միջոցով առաջարկվող խայծն օգտագործել, ներքաշվել ինչ-ինչ հարցերում»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` սահմանափակումը վերաբերելու է նաև պլանշետներին։ Փոխնախարարը նշեց, որ պատասխանատվությունը պետք է խստացնեն, որպեսզի ծնողները ոչ մի կերպ բանակում ծառայող իրենց տղաներին սմարթֆոններ չտանեն։ Սարգսյանը հավելեց, որ կոնկրետ հեռախոսներ կան, որոնց կրումը բանակում թույլատրվում է։

  • Կիսվել: