հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շուշիի անկման վերաբերյալ Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ. Անդրանիկ Քոչարյան

Շուշիի անկման վերաբերյալ Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մեջ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը եղել է փակ նիստում, և Շուշիի անկման վերաբերյալ նրա ասածները հակասության մեջ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա չբացառեց, որ հնարավոր է` Օնիկ Գասպարյանը կրկին կանչվի քննիչ հանձնաժողով, քանի որ յուրաքանչյուր հրավիրյալի խոսքերից հետո կարող է լրացուցիչ պարզաբանումների, հարցերի կարիք լինի։

«Մենք նիստի ժամանակ ինչ հարցեր ունեցել ենք, դրանց պատասխանները ստացել են նախկին գլխավոր շտաբի պետից։ Հնարավոր է՝ երկրորդ, երրորդ անգամ կանչել, բացառում չեմ անում, ամեն մի հրավիրյալից հետո հարցեր կարող են առաջանալ, որի արդյունքում մենք կարող ենք նորից մարդկանց հրավիրել պարզաբանումներ ստանալու։ Օրինակ՝ քառօրյայի դրվագով երկրորդ անգամ Արշակ Կարապետյանին կանչեցինք»,- ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ասածները որեւէ հակասություն չունեն Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ։

Հարցին, թե ինչու էր նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն ասում, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, եթե ամսի 7-ին արդեն Շուշիի ճակատագիրը պարզ էր, Քոչարյանն ասաց, որ այդ օրերին Շուշիից եկող տեղեկությունները եղել են հակասական։

«Հիշո՞ւմ եք՝ ասում էին՝ պարոն Վանեցյանը զենքերն ամսի 8-ին հանձնել է զինվորական ոստիկանությանը, եւ գնացել են։ Շուշի հետ կապված այսօր շատ կարեւոր բաներ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ Քննչական կոմիտեում բազմաթիվ դրվագներով քննություն է ընթանում, նաեւ Շուշիի առնչությամբ։ Խնդիրներ կան բազմաթիվ։ Աշխատանքի ծավալը շատ մեծ է, Քննչական կոմիտեից նյութերի մի ամբողջ փաթեթ կա։ Պարոն Փաշինյանից հետո շատ կարեւոր պաշտոնյաներ կան, որոնց կհրավիրենք, օրինակ Արցախի Հանրապետության նախագահին, Ջալալ Հարությունյանին՝ ավելի ուշ»,- նշեց Քոչարյանը։

Ինչո՞ւ են նախկին զինծառայողներին փակ ռեժիմով քննել, իսկ Փաշինյանին` բաց, Քոչարյանը նշեց` այդպես են նպատակահարմար գտել։

  • Կիսվել: