չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան․ Քոչարյան

Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան․ Քոչարյան

Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, խոսքը այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան. Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հետ են քաշվել ՀՀ տարածքներից:

«Շփումները հույս են ներշնչել, որ զրույցները, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է  աշխատեն հեռու մնալ, որովհետեւ աշխարհն էլ է փոխվում, դիրքերն էլ են փոխվում: Մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Ես չեմ վախենում այս բաներից, որովհետեւ դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչեւ այն պահը, երբ կհաստատվեն  սահմանագծի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ այս ամենի մեջ կա իրենց բացթողումը. «Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով եւ բանակն է իրենց կողքին, եւ մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա մենք զրուցում ենք, որ իրենք այդտեղից հեռանան, հետո կզրուցենք հավասարազոր հեռացման մասին»,-ընդգծեց Քոչարյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիների մոտ 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տեւել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դադաղեցնել. «Մերն անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը: Էն ինչ-որ մերն է՝ մերն է, եւ եթե իրենք դա չհասկանան, գալու է մի օր, որ կհասկացվի: Ես վստահ եմ, որ իրենք մեր տարածքից անպայման դուրս են գալու»:

Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եկեռք սպասենք, ես որպես հանձնաժողովի նախագահ ակնկալում են, որ հստակ պատասխաններ ստանանք՝ մեր մեղքը կ, թե ոչ: Եթե կա, ապա որտեղ ենք թերացել: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից: Փաշինյանը երկրի վարչապետն է, բայց մենք այդտեղ ունենք մարմիններ, որոնք պետք է խնդիրների լուծման կայուն ընթացք ապահովեին»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց, որ որոշ օրենքներ են ընդունվել, մասնավորապես, աշխարհազորի հետ կապված, որ տեղի բնակիչները զենք ունենան. «Կգա մի օր, որ այդ ամենը կդառնա մեկ ամբողջական համակարգ, մինչեւ այդ օրը գալը այսպիսի բաներ կլինեն»:

  • Կիսվել: