երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում․ Աբրահամյան

Սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում․ Աբրահամյան

ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության փոխնախարարը մի կողմից խոսում է այդ լիազորությունների սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում լինելու մասին, մյուս կողմից նշում, որ տեղերում հրամանատարները ըստ իրավիճակի, սահմանային խնդիրների շուրջ բանակցություններ են ունենում:

Մեկ ֆիքսում են, որ երեկ բանակցություն չի եղել, մեկ ասում, թե ադրբեջանցիները մոտեցել ու փորձել են խոչընդոտել հայ զինծառայողների ինժեներական աշխատանքները, այսինքն` տեղում շփում, բանակցություն է եղել:

Արձագանքիս, որ եթե բանակցություն կամ դրա պայմանավորվածություն չի եղել, ինչի է թույլատրվել ադրբեջանցիների անխոչընդոտ մոտենալը հայկական դիրքին, հստակ պատասխան չեղավ:

Իրականում խնդիրը նրանում է, որ չկանոնակարգվածության պայմաններում, սահմանային վեճերը թողնվում են զինծառայողների վրա ու այդ ամենը տեղի է ունենում իշխանության` «էսկալացիա թույլ չտալու» սկզբունքի ներքո:

Իշխանությունն իր որոշումների կամ դրա բացակայության պատճառով խոցելի է դարձնում մեր զինծառայողներին, իսկ հետևանքն արդեն գիտենք` 4 զոհ ու 6 վիրավոր:

Առանց այդ էլ մեր զինծառայողները ծանր առաքելություն ունեն, իսկ այս իշխանության պայմաններում դա ավելի բարդ ու վտանգավոր հետևանքներ է ունենում:

Որոշ մանրամասներ` տեսանյութի ձևով, կտեղադրեմ մեկնաբանություններում»։

 

  • Կիսվել: