չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսական ռազմակայանի ավիացիան փորձարկում է օդային թիրախների խոցումը Հայաստանի երկնքում

Ռուսական ռազմակայանի ավիացիան փորձարկում է օդային թիրախների խոցումը Հայաստանի երկնքում

 Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի անձնակազմը ձմեռային շրջանի ստուգումներ է հանձնում մշտական տեղակայման կետերում և Կամխուդ ու Ալագյազ բարձրլեռնային զորավարժարաններում: Տեղեկությունը հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
 
Առաջին փուլում կստուգվի զորամիավորման մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողների մարտական պատրաստության, անձնակազմի օպերատիվ պատրաստության, սպառազինության և ռազմական տեխնիկայի մակարդակը:
Իրականացվելու է նաև զինծառայողների տեսական գիտելիքների ստուգում:
 
Ստուգողական հաջորդ փուլի ընթացքում անձնակազմը ուսումնամարտական խնդիրներ կկատարի բարձրլեռնային պայմաններում՝ անվավոր և զրահատանկային տեխնիկայի վարման վարժություններ, հրաձգություն բոլոր տեսակի սպառազինություններից, ինչպես նաև կհանձնի հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային և ֆիզիկական պատրաստության, ռազմական տեղագրության և ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության նորմատիվներ:
Նշվում է նաև, որ Հայաստանում ՀՌՕ-ի ռուսական ռազմակայանի հրաձգային դիպուկահարների վաշտերի զինծառայողները Կամխուդ լեռնային զորավարժարանում պլանային վարժանքի շրջանակում կատարելագործել են տարբեր միջոցներով, այդ թվում՝ համազարկային կրակով թիրախները խոցելու հմտությունները:
 
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ուսուցման ձմեռային շրջանի ստուգման շրջանակներում:
 
Բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտի վարումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսումը, բարդ ու բարձրագույն պիլոտաժի տարրեր կկատարեն տարբեր բարձրությունների տիրույթում, այդ թվում՝ բարձրլեռնային շրջաններում:
 
Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը խոցելու են ցամաքային թիրախներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի կենդանի ուժին ու տեխնիկային, վերաբազավորումներ են կատարելու պահեստային օդանավակայանում, ինչպես նաև մշակելու են փոխգործակցությունը ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հետ Ալագյազ և Կամխուդ բարձրլեռնային զորավարժարաններում:

  • Կիսվել: