կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ-ն զոհվածների տվյալների հետ չի աշխատում, դրա տեղը «Զինապահ» հիմնադրամն է. Փաշինյան

ՊՆ-ն զոհվածների տվյալների հետ չի աշխատում, դրա տեղը «Զինապահ» հիմնադրամն է. Փաշինյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անուն-ազգանունները ինչո՞ւ Պաշտպանության նախարարության կայքում չեն հրապարակվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչո՞ւ «Զինապահ» հիմնադրամը, եւ ոչ Պաշտպանության նախարարությունը, դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում եւ հետագայում եղել են դեպքեր, երբ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների տվյալներ, հետո դրանք սխալ են դուրս եկել, պարզվել է, որ կենդանի զինվորների անուններ են հրապարակվել։ Հիմա միակ տեղը, որտեղ անուն ազգանունը եւ զոհված լինելու փաստը վերիֆիկացիայի է ենթարկվում՝ դա «Զինապահ» հիմնադրամն է։ «Զինապահ» հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, բայց եթե դուք հարցը բարձրացնում եք նրա մասին, որ այդ կարգով չի հրապարակվել «Զինապահ» հիմնադրամի կայքում, դա կայքի թվային կարգավորումներ փոխելու հարց է։ Թող կայքում կարգավորում լինի, որ լինի 44-օրյա պատերազմի զոհվածներ, բերի ցուցակը։ Այդտեղ պատճառ չկա, միակ պատճառը, որ վերիֆիկացված մի քանի անգամ ստուգված տվյալ ունի, ապա ինքը պիտի հրապարակի, ճիշտ տեղը դա է»:

Նազարյանն արձագանքեց, որ եթե թաքցնելու միտում չկա, ինչո՞ւմն է դժվարությունը, որ ՊՆ կայքում չի հրապարակվում․ «Դժվա՞ր է ՊՆ կայքում վերցնել «Զինապահ» հիմնադրամում եղած տվյալները, ավելացնել այն զոհվածները, որոնք չեն գնացել, որտեղ մարդը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որ ուզում է մի բան անել, ճշտի, հաստատ իմանա։ Անընդհատ ինձ ասում են՝ մեր երեխեքը արժանի չե՞ն, որ գրեն պետական ինչ-որ մարմնի էջում, որ էս տղերքը զոհվել են 44-օրյա պատերազմում»։

Փաշինյանը շեշտեց, որ զոհվածների տվյալները պետք է լինեն այնտեղ, որտեղ այդ տվյալի հետ աշխատում են․ «Որ սխալներ, կազուսներ չլինեն։ Ամբողջ պատմությունը գնում ու կենտրոնանում է այնտեղ, նույնականացումն ու վերստուգումն արվում է այնտեղից։ Սա, կներեք, հուշարձան չէ, որ անունները քարի վրա գրվեն ու այդպես ֆիքսված մնա։ Ով որ աշխատում է այդ տվյալի հետ, ինքը պետք է հրապարակի»։

  • Կիսվել: