շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը, միջադեպեր եղել են ու լինելու են. ՔՊ-ական պատգամավոր

ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը, միջադեպեր եղել են ու լինելու են. ՔՊ-ական պատգամավոր

Այսպիսի միջադեպեր եղել են եւ լինելու են, ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցվեն. «Դրա համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչը եւ արվում է, եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ ռազմական դաշտում։ Խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն եւ շատ արագ ավարտվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի պատրաստություն չկա, որ մարտական գործողություններ վարվեն եւ դու երաշխիք ունենաս, որ զոհեր չես ունենալու: Նման երկիր չկա աշխարհում:

Սա սադրանք էր, դեռեւս ՊՆ-ի կողմից ծառայողական քննություն, գուցե նաեւ նախաքննություն կիրականացվի, թե ինչպես  առաջացավ այս սադրանքը, այս գործողություններն ինչի պատճառ էին: Սա հետագայում կպարզվի: Ադրբեջանցիները լուր են տարածել, որի կապակցությամբ, կարծում եմ՝ ծառայողական քննություն է լինելու եւ բազմակողմանի վերլուծության արդյունքում օբյեկտիվ պատկերը ի հայտ կգա»:

Դիտարկմանը, որ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ կայուն խաղաղության, ՔՊ-ակն պատգամավորն ասաց. «Վերջին 30 տարում երբեւէ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի: Իհարկե, անելու է: Եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այո, այդ դեպքում սադրանքները կհասցվեն նվազագույնի, պետք է հասցվեն: Բայց ինչ էլ լինի, մեր ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի եւ հարձակման»:

  • Կիսվել: