«Պետք է մարմինը ենթարկեն լոգանքի». Անդրանիկ Քոչարյանը տվեց լողանալու իր սահմանումը
Այո, բանակում կան տեղեր, որ շաբաթը մեկ են լողանում, բայց կան նաև տեղեր, որտեղ մեկ անգամից ավել են լողանում, ի՞նչ է եղել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, որ դեռևս 2019–ին է ինքը առաջարկել այդ հարցը լուծել, որ զինվորները ամեն օր լողանան։
Ինչ վերաբերում է առաջարկին, որ թող ՊՆ ղեկավարությունն էլ շաբաթը մեկ լողանա, տեսնեն՝ կարո՞ղ են, Քոչարյանն ասաց. «Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանել։ Լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել ևս, երբ լույսը բացվում է և իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է մարմինը ենթարկեն լոգանքի, հիմա էլ լոգանքի՝ սառը լոգանք, տաք լոգանք։ Մենք հիմա ձգտում ենք, որպեսզի զորամասերը ունենան լողավազաններ, բայց դա լոգանքը չի, շաբաթական լոգանքը դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկեցնում է ջերմային և սանիտարական մաքրման, և սպիտակեղենն է փոխվում և ամեն ինչ։ Դա միայն լոգանք չի»։


