ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Բակո Սահակյան

Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Բակո Սահակյան

Արցախում լրագրողների հետ զրույցում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր իրեն չի ուղղվել:

՛՛Բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն՛՛,-ասաց նա՝  անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի:

Սահակյանը ողջունելի համարեց, որ Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու:

Արցախի նախագահն անդրադարձավ նաև այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն ասել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյոք դա չի՞ կարող շանտաժ համարել:

Այս առնչությամբ Սահակյանը պատասխանեց, որ իր մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու: Նա ասաց. «Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»:

Նախագահի խոսքով՝ հայ-ռուսական բարեկամությունը դաշնակցային բարեկամություն է, ինչու չէ՝ նաև եղբայրական բարեկամություն, որի հիմքը դրվել է դարեր առաջ:

«Ես ավելի քան համոզված եմ, որ այդ բարեկամությունը շարունակական է լինելու, այս շրջանում հատկապես, երբ աշխարհը, այդ թվում՝ ՌԴ-ն հայտնված է ոչ հասարակ պայմաններում: Կարծում եմ՝ մեր բարեկամության նշանակությունը հաշվի առնելով՝ մեր պատասխանատուները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ բարեկամությունը ապագայում էլ ավելի խորանա և ստանա ներկայիս ժամանակին համապատասխան արդյունավետություն»,-ասաց նա:

  • Կիսվել: