երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմի այլ արդյունքի դեպքում իմ նկատմամբ քրեական գործ չէր հարուցվի․ Դավիթ Տոնոյան

Պատերազմի այլ արդյունքի դեպքում իմ նկատմամբ քրեական գործ չէր հարուցվի․ Դավիթ Տոնոյան

 Գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Այս մասին տարածած իր պարզաբանման մեջ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․

«Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»»:

Տոնոյանը վստահեցնում է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։

«Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար»,-եզրափակել է Տոնոյանը։

  • Կիսվել: