կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է․ պատճառների մասին չի հաղորդվում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է․ պատճառների մասին չի հաղորդվում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է։ «Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի՝ Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է», - ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա պատճառների մասին ոչինչ չի հաղորդել։

Նշենք, որ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի տարածած հաղորդագրության համաձայն՝ այցը հետաձգվել է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։

Նշվում է, որ ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Միխալիս Յորղալլասն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ըստ Կիպրոսի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի, նշվել է, որ այցը կհետաձգվի «հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառով»։

«Խոսել եմ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ` սահմանային սրված իրավիճակի պատճառով Կիպրոս նախատեսված նրա այցի չեղարկումից հետո։ Արտահայտել եմ իմ ամբողջական աջակցությունը Հայաստանի ժողովրդին։ Փոխադարձ ցանկություն է հանդիպել մոտ ապագայում, երբ հանգամանքները թույլ տան»,- այս մասին հայտնել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը։

Բանակցությունները պետք է տեղի ունենային այսօր՝ Նիկոսիայում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: