Պարեկային ոստիկանությունում ծառայություն են իրականացնում 698 պարեկներ, որոնց 70 %-ը նախկինում Ոստիկանությունում չի աշխատել. Փաշինյան
Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության և, մասնավորապես, մայրաքաղաք Երևանի կյանքում, իր գործունեությունը սկսել է Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում՝ բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, և ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ Ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի Ոստիկանություն»,-նշեց Ն․Փաշինյանը և նկատեց, որ հուլիսի 7-ից Ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը․ «Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի և քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու։
Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և՛ ՃՈ-ից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակետային ծառայության՝ մեզ ծանոթ գործառույթները, նաև՝ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման գործում, հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե այս բարեփոխումը ծրագրել էին դեռևս 2019-ին։