ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին

Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին

Ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթը հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին, եթե գործընկերներս դեռ չեն հեռացրել դրանք, կարծում եմ՝ կարճ ժամանակում կհեռացնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անրձագանքելով այն դիտարկմանը, որ որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաև կառավարության անդամները, դեռ շրջում եմ մգեցված ապակիներով ավտոմեքենաներով։

Հարցին, թե որ օրենքով է նման պահանջ ու տուգանք սահմանվում, փոխնախարարը պատասխանեց, որ տուգանքի կետը վերաբերում է Վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան դրույթին, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելիության չափի ստանդարտը չպահելու մասով, իսկ չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է ՀՀ կառավարությունը։

«ԵԱՏՄ ակտն ընդհանուր ստանդարտ է, որը գործում է ԵԱՏՄ բոլոր պետությունների համար և ՀՀ-ն ստորագրելով այդ ակտը պարտավորություն է վերցրել ՀՀ տարածքում դա ապահովելու», - ասաց նա։

Հարցին, որ եթե ըստ օրենքի մգեցված թաղանթը հանել չկարողանալու կամ գործարանային մգեցված ապակիներով մեքենաների դեպքում վարորդները պետք է փոխեն ապակիները, ապա ում հաշվին է դա տեղի ունենալու, Սարգսյանն ընդգծեց, որ կա նախատեսված ստանդարտ․

«Առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանված չափից ավելի։ Հիմա դա գործարանային է, թե քաղաքացիներն իրենց միջամտության արդյունքում են թաղանթապատումն ապահովել, էական նշանակություն ունենալ չի կարող։ Հետևապես, եթե ապակին լուսաթափանցելիության բավարար մակարդակ չունի, անկախ նրանից, թե ինչի արդյունքում է, պետք է վերացվի դա, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի», - ասաց փոխնախարարը։ Ճշտող հարցին, թե արդյոք դա արվելու է վարորդի միջոցներով, նա դրական պատասխան տվեց։

Անդրադառնալով օպերատիվ պետհամարանիշներով ավտոմեքենաներին՝ Սարգսյանն ընդգծեց, որ օրենքը բացառություն չի ենթադրում անգամ այս դեպքում, ստանդարտ ընթացակարգ է գործելու։ Նա նաև հավելեց, որ իր մեքենայի, ինչպես նաև ՆԳ նախարարի, բոլոր փոխնախարարների և մյուս ծառայողների մեքենաների ապակիներից մգեցնող թաղանթները հեռացված են՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն ծառայողական մեքենաների մասին է, այլև անհատական օգտագործման։

Ինչ վերաբերում է նվազ վարչարարությանը, Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ առաջարկը եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովինը, սակայն ՆԳՆ-ն շարունակում է հորդորել քաղաքացիներին վերացնել իրավախախտումը, քանի որ այն ճանապարհային երթևեկության տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեցող հանգամանք է։

Դիտարկմանը, որ կառավարությունն այս որոշմամբ հետողորմյա է անում իր բերած նախագիծը, Արփինե Սարգսյանն արձագանքեց, որ ակտը նոր չէ և ՀՀ-ն որոշեց կիրառել պահանջը, քանի որ այժմ կա համապատասխան սերտիֆիկացված տեխնիկական հագեցվածություն, որը թույլ կտա օբյեկտիվ չափել ու ըստ այդմ համապատասխան վարչական պատասպանատվության միջոցը կիրառել․

«Եթե նախկինում կիրառեինք, բնականաբար, օբյեկտիվ կլիներ մտահոգությունը, որովհետև նույն ճանապարհային ոստիկանը կամ պարեկը կկարողանար զուտ իր սուբյեկտիվ ընկալումների հիման վրա հասկանալ՝ լուսաթափանցելիության աստիճանը չի բավարարում տուգանելու համար։ Այսպիսի լղոզված ու սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու համար մենք այսօր ենք կիրառում, որովհետև ունենք ստանդարտացված հստակ սարքավորումներ որոնք թույլ են տալիս չափը որոշել»։

  • Կիսվել: