կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչինչ, որ ժամանակակից մարտ վարել չիմանան, կարևորը ամեն ինչ կոկիկ լինի․ Դանիել Իոաննիսյանը՝ զինվորականների ատեստավորման մասին

Ոչինչ, որ ժամանակակից մարտ վարել չիմանան, կարևորը ամեն ինչ կոկիկ լինի․ Դանիել Իոաննիսյանը՝ զինվորականների ատեստավորման մասին

Ինչպես գիտեք, Զինված ուժերում տեղի է ունենում ատեստավորման պրոցես, որն անցնող սպաներն ու պայմանագրայինները կստանան ավելի բարձր աշխատավարձ, իսկ դրանից կտրվողները դուրս կմնան բանակից: Կարծես, շատ լավ նախաձեռնություն է, բայց սատանան, ինչպես միշտ, դետալներում է: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

«Ատեստավորման երեք կոմպոնենտներն են ֆիզպատրաստությունը, կանոնակարգերի տեսական իմացությունը և, ուշադրություն, շարային պատրաստությունը:

Այսինքն, եթե զինվորականը գրագետ է, բանիմաց է ու ֆիզիկապես ուժեղ, բայց շարքում սիրուն չի քայլում, ապա նրա աշխատավարձը չի ավելանա, իսկ հետո էլ նա կհեռացվի համակարգից: Հրաշք է, չէ՞:

Շարային պատրաստությունը սկսում է հին Հռոմից, երբ մարտի էին գնում ֆալանգաներով: Այն ժամանակ շարքում վատ սինխրոնիզացիան իրապես նվազեցնում էր մարտունակությունը: Բայց դա, գրողը տանի, 20 դար առաջ էր:

Շարային պատրաստության երկրորդ ծաղկունքը 18-րդ դարում պրուսական, իսկ ապա նաև ռուսական բանակում էր (կայսր Պավել Առաջինը շարայինի ֆանատ էր): Այդ ժամանակ ռուսական բանակի պարապմունքների հիմնական ժամանակը հենց շարային պատրաստությունն էր:

Բայց եկավ 1850-ականների Ղրիմի պատերազմը, ու Ռուսաստանում հասկացան, որ շարային պատրաստությամբ մարտունակ զորք չես ունենա:

Եվրոպական երկրները դա հասկացել էին դրանից էապես շուտ, երբ շարային առումով շատ ավելի քիչ պատրաստված ամերիկյան-անկախական և ապա նաև նապոլեոնական բանակները սկսեցին հաղթանակներ տանել շարային ոճով աշխատող բանակների նկատմամբ:

Ժամանակակից բանակներում զինվորականների գնահատման մեջ են մտնում կրակային պատրաստոթյունը, տեղեկությունների հավաքագրման ու մշակման կարողությունը, ինժեներական բազային գիտելիքները, տեղանքում կողմնորոշվելու կարողությունը, կապի և կոմունիկացվելու կարողությունը, հակաօդային պասիվ պաշտպանությունը, առաջին բուժօգնությունը, անվտանգ տեղաշարժի կազմակերպման հմտությունները, ինչպես նաև, բնականաբար, զինվորական նեղ մասնագիտացմամբ պայմանավորված գիտելիքները:

Իսկ մենք տասնամյակներով ու դարերով հետ ենք ընկել ու զինվորականից պահանջում ենք անգիր իմանալ սովետական կանոնակարգերն ու սիրուն քայլել շարքում. «Ոչինչ, որ ժամանակակից մարտ վարել չիմանան, կարևորը ամեն ինչ կոկիկ լինի»,- գրել է նա։ 

  • Կիսվել: