երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի հատվածում բախման պատճառը բանակցությունների բացակայությունը չէ, Ադրբեջանը պարզապես սադրել է․ փոխնախարար

Տեղի հատվածում բախման պատճառը բանակցությունների բացակայությունը չէ, Ադրբեջանը պարզապես սադրել է․ փոխնախարար

ՀՀ զինված ուժերի սպաները դժվար իրավիճակներում տեղում օպերատիվ լուծումներ են գտնում, հայ և ադրբեջանցի սպաների միջև երբեմն տեղում բանակցություններ, զրույցներ են տեղի ունենում, որ փոքր խնդիրները, ծագած վեճերը չվերածվեն մեծ բախման, սակայն ապրիլի 11-ին ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք:

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցին:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում միջադեպեր են գրանցվում՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հրահրված: Վերջին այդպիսի ողբերգական միջադեպը գրանցվել է ապրիլի 11-ին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ: «Բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև սահմանային ճշգրտումների համատեքստում, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների, ի՞նչ որոշումների հիման վրա, ո՞վ է լիազորություն տալիս հրամանատարական կազմից որևէ զինծառայողի որևէ հատվածում բանակցելու ադրբեջանցիների հետ»,-հարցրեց Աբրահամյանը:

Փոխնախարարը պարզաբանեց, որ, եթե տեղում տեղի են ունենում բանակցություններ, որպես կանոն դա իրականացվում է հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա: Եվ որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է բանակցելու անհրաժեշտություն առաջանալ, քանի որ բանակցություն ասվածը լայն հասկացություն է: Եվ անգամ փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունը բանակցության ձև է: «Որպես կանոն տեղում լինում են սպաներ, որոնք որևէ կերպ դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում՝ շատ հաճախ նաև իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»,-ասաց Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից կան ստեղծված համապատասխան հանձնաժողովներ, որոնք զբաղվում են սահմանազատման հարցերով:

«Եվ այդ շրջանակում տրվելու է համապարփակ լուծում: Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների, այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում: Եթե դրա անունը կդնեք բանակցություն՝ հենց բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների ձևով: Եվ տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ հրամանատարը անմիջապես արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ապրիլի 11-ի միջադեպին, փոխնախարարն ասաց, որ դա տեղի չի ունեցել բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով: Ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք: Եվ ՀՀ ՊՆ-ի տարածած տեսագրությամբ ակնհայտ երևում է, որ ադրբեջանցիները տրանսպորտային միջոցով մոտենում են և սադրում, կրակ արձակում:

Նա շեշտեց, որ երեկվա միջադեպը բացատրել իբրև բանակցության տապալում կամ բանակցության չկայացում, սխալ է: «Ուղղակի ինժեներական աշխատանք իրականացնողների շրջանում մարդիկ եկել են ու սադրել, ինչի հետևանքով տեղի է ունեցել այդ միջադեպը»,-նշեց փոխնախարարը:

  • Կիսվել: