ՆԱՏՕ-ի փորձագետներն այցելել են Հայաստան
Հերթական այցով դեկտեմբերի 9-ից 12-ը Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեկտեմբերի 10-ից 12-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:
Խորհրդատվական խումբը ճանաչողական այցով եղել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել կրթօջախի գործունեության հիմնական ուղղություններին:
Այցի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Քննարկվել են նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվել հետագա համագործակցության ուղիները: