կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
7 Պաշտպանական շրջանը չի էվակուացվել ի պատիվ Արցախի նախագահին, որը անձամբ է գնացել ռազմաճակատի այդ հատված և ճշտել իրադրությունը. Փաշինյան

7 Պաշտպանական շրջանը չի էվակուացվել ի պատիվ Արցախի նախագահին, որը անձամբ է գնացել ռազմաճակատի այդ հատված և ճշտել իրադրությունը. Փաշինյան

Հոկտեմբերի 3-ին եկավ տեղեկատվություն, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն զորքերը ամբողջությամբ դուրս բերել: Այս մասին, այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ եւ ասացի՝ որքանո՞վ է ճիշտ, որ նման որոշում կա: Ինձ ասացին, որ իսկապես նման որոշում կա:

ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո նաեւ ՊԲ հրամանատարի հետ: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Ասացի՝ ո՞վ է արել այդ վերլուծությունը եւ ով է կայացրել որոշումը, եւ ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյան) է այդ ռեկոմենդացիան տվել: Ես ասացի՝ մի րոպե, նախ, Մոսվես Հակոբյանն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ:

Ես Արցախի նախագահի հետ խորհրդակցելով, եւ ի պատիվ նրա, ինքը որոշում կայացրեց եւ մի խմբով գնաց իրադրությունը տեղում գնահատելու:

Այնտեղ գնահատականն այն էր, որ եթե մեր զորքը չհեռանա, ամբողջությամբ հայտնվելու է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչը ասում է՝ րոպե  առաջ պետք է 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել:

Ի պատիվ ԼՂ նախագահի, նա գնաց, տեղում գնահատեց իրավիճակը եւ այդ տարածքն այսօր  հայկական վերահսկողության ներքո է»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ ընդգծեց. «Արեգասարը եւս այդ տարածքում է: Արեգասար բարձունքի հետ կապված դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք տեղում կողմնորոշվում են, հակագրոհով հետ են վերցնում, եւ մեր գեներալներից մեկն ասում է՝ իջեցրեք զորքն այնտեղից; Սրանով քրեական գործ կա, որն արդեն դատարանում է»:

Այնուհետև, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանին կրկին հրավիրում են մասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստին՝ դիրքորոշում հայտնվելու։

 Փաշինյանն էլ հավելեց, որ մինչև հիմա իրեն տանջում է այդ հարցը, թե ինչո՞ւ էին ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնում, ով էր անում: Վարչապետի խոսքով՝ ինքը մինչև հիմա էլ այս հարցերի պատասխանները չի ստացել։

  • Կիսվել: