ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև 2020 թ. օգոստոսը հավաստիացրել են, որ զինուժը կկատարի իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

Մինչև 2020 թ. օգոստոսը հավաստիացրել են, որ զինուժը կկատարի իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

Մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը ՀՀ կառավարության ղեկավարին հավաստիացրել են, որ ՀՀ զինված ուժերն ու բանակն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այսօր Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակի մարտունակության վիճակի վերաբերյալ քննարկումներ եղել են, և ես մինչև 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացումներ, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց Հայաստանի բանակն ու զինված ուժերն ի վիճակի են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` 2018 թվականից հետո ինքը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` «ամեն ինչ բանակի համար», այդ թվում բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի լրացուցիչ գնումներ։

«Ես` որպես քաղաքական իշխանություն, ասել եմ` ասեք` ձեզ ինչ է պետք, ու դուք դա կունենաք, ասել են` ՍՈւ 30 ՍՄ է պետք` գերժամանակակից ինքնաթիռ։ Ասել եմ` բանակն ինձնից «չէ» բառը չի լսելու, ինչ ուզել են, ունեցել են»,– նշեց Փաշինյանը։

Շարունակելով պատասխանել հանձնաժողովի նիստի մասնակիցների հարցերին` ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ որևէ ՀՕՊ համակարգ ռազմական գնման պլանից դուրս չի մնացել, ավելին` ձեռք են բերվել նաև Оса-АК, ТОР զենիթահրթիռային համակարգեր։

Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցի քննարկմանը։ Շեշտեց` փոփոխության հարց չի քննարկվել, ընդհակառակը` քննարկվել է, որ այդ փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ հենց ԼՂ հակամարտության համատեքստում։

  • Կիսվել: